Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկած «Վիլնյուսից հետո. Ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» խորագրով քննարկմանը չէին ներկայացել ո՛չ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ո՛չ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ո՛չ էլ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանը: Փոխարենը ելույթներ ունեցան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, որ Հայաստանի իմունային համակարգը սեպտեմբերի 3-ի որոշումից հետո թուլացած է, քանի որ շանտաժի միջոցով ճնշումներ են եղել Սերժ Սարգսյանի վրա: Հայաստանում գործող ռեժիմը նա համարում է մերձավտորիտար, և, ըստ նրա, ԵՄ-ն, ՀՀ-ին տրամադրելով 25 միլիոն եվրո, նպաստում է այդ ավտորիտար ռեժիմի գոյատևմանը: Անդրադառնալով ընդդիմության գործելաճոին՝ Լևոն Բարսեղյանը նշեց, որ ամեն մեկն իր սայլն է քշում և հստակ դիրքորոշում չի արտահայտում՝ Հայաստանը պետք է գնա Ինդոնեզիա՞, Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրամիություն:
Լևոն Բարսեղյանը համեմատություն անցկացրեց ՈՒկրաինայի և Հայաստանի միջև: Նա հիշեց, որ Հայաստանում հինգ-վեց տարի առաջ, երբ խոշոր գործարարն աջակցություն ցուցաբերեց ընդդիմությանը, նրա և նրա աշխատակիցների նկատմամբ սկսվեցին հետապնդումներ և բանը հասավ նրան, որ բանտ նետեցին անգամ նրա մատուցողին: Ինչ վերաբերում է ՈՒկրաինային, ապա, ըստ Լևոն Բարսեղյանի, նա վաղ թե ուշ ասոցացվելու է ԵՄ-ին, քանի որ հասարակությունն արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում է հանուն այդ արժեքների:
Լևոն Բարսեղյանը բացատրեց նաև, թե ինչու է իրենց կազմակերպությունը դադարեցրել անդամակցությունը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության պլատֆորմին:
«Մենք չենք կարող երկխոսել պաշտոնեական անմեղսունակություն ցուցաբերած պաշտոնյաների հետ»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ